Ամսագիր Ապրիլ 2015 Հիշողության բացիկները

15 Ապրիլ 2015, 09:32
2601 |

Հիշողության բացիկները

Պատմություն այն մասին, թե ինչպես են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կուտակվող ծաղիկների տոննաները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով երկրորդ կյանք ստանում: 2015-ը, բնականաբար, բացառություն չի լինելու:

Ամեն տարի Ծիծեռնակաբերդ բարձրանալիս հավանաբար մտածում ենք՝ ինչ ճակատագրի են արժանանում անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները հաջորդ օրը: Մինչև 2010-ը դրանք բեռնատարներով տեղափոխվում էին աղբատեղի, հետո՝ այրվում: Մի տեսակ անարդար է, չէ՞: Հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գալիս-հասնում են Հայաստան, իրենց խոնարհումը բերում, ծաղիկները ձեռքում պինդ սեղմած բարձրանում հուշահամալիր, դնում կրակի մոտ ու չեն էլ պատկերացնում, որ դրանք հետո աղբի են վերածվելու և այրվեն:

Արդեն 6 տարի ծաղիկները երկրորդ կյանք են ստանում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը 2010-ին որոշեց զբաղվել այդ հարցով: Եվա Մարտիրոսյանն արդեն 9 տարի է՝ աշխատում է հիմնադրամում, ներկայումս փոխտնօրենն է: Հիշում է, թե տարիներ առաջ ինչպես որոշեցին ավանդական ապրիլքսանչորսյան այցերից բացի մեկ այլ այց էլ կատարել Ծիծեռնակաբերդ՝ հատուկ առաքելությամբ: «Այդ օրվա էներգետիկան ուրիշ է, իրար վրա շարված հազարավոր ծաղիկները մեծ խորհուրդ ունեն: Տասնամյակներ շարունակ դրանք այրվում էին, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէր: Որոշեցինք ինչ-որ կերպ օգտագործել այդ ռեսուրսն ու հավերժացնել խոնարհումի եկած մարդկանց՝ ծաղիկների միջոցով բերած ապրումները»:

Ամեն տարի ապրիլի 24-ին հաջորդող որևէ օր երիտասարդները հավաքվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հատուկ ձեռնոցներով սկսում հավաքել տարբեր գույնի ու տեսակի ծաղիկները, այնուհետև դրանք ուղարկում վերամշակման: Ծաղիկների թերթիկներից պատրաստված թղթերով բացիկներ, հավաստագրեր, հրավերներ են տպագրվում օտարերկրյա հյուրերի համար, դրանց մի մասը, արդյունքում հասնում են աշխարհի տարբեր երկրներ: Մնացած ցողուններից հուշահամալիրին հարակից պուրակի համար պարարտանյութ է պատրաստվում: 

«Առաջին տարին թիմը փոքր էր, աշխատանքի ծավալը դեռ չէինք պատկերացնում, — պատմում է հիմնադրամի փոխտնօրենը, — նույնիսկ ռիսկի գործոն կար՝ կկարողանա՞նք գործը գլուխ բերել, թե՝ ոչ: Բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ ու արտասահմանից հիշատակի օրվան մասնակցելու եկած հյուրեր միացան մեզ: Ամեն ինչ բարեհաջող անցավ»:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով